Հայկական սփյուռքի կողմից Ֆրանսիայում հիմնված մոտ 100 ինտերնետային կայքեր դարձել են թուրք հաքերների զոհը, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ, պատգամավոր Վալերի Բուայեի կայքը ջարդելուց հետո: Այդ մասին հաղորդում է մասնագիտացած թուրքական կայքը, գրում է Nouvelles d`Arménie–ին` վկայակոչելով AFP–ն:
Մի խումբ հաքերներ իրենց վրա են վերցրել դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայում մոտ հարյուր կայքեր ջարդելու պատասխանատվությունը` կապված Ֆրանսիայում հայերի գործունեության, ինչպես նաեւ քաղաքական գործիչների, այդ թվում Ազգային շարժման համար միությունից Բերնար Դեպերի հետ:
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստը ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը: