Քյարթերը շատացել են ու նրանց դեմը եկել է առնելու անտիքյարթը: Anti-Qyart Movement of Armenia ֆեյսբուքյան այս էջը բավական հայտնի է ֆեյսբուքում, մենք էլ փորձեցինք խոսել խմբի ստեղծողների հետ: Անի Սմբատյան. Ինչո՞ւ բացեցիք այս էջը, իրոք կար այս էջի անհրաժեշտությունը, ի՞նչը դարձավ այս էջի ստեղծման համար մեկ պատճառը: Ի՞նչ հարցեր եք այս էջում բարձրացնում :
Անտիքյարթ ֆեյսբուքյան էջ. Կա մի թյուր կարծիք,թե էջը բացվել է ծաղրուծանակի ենթարկելու մարդկանց: Նման բան չկա , մենք քննադատում ենք արարքը,երևույթը ոչ թե անձը: Հաճախ կազմակերպում ենք հավաքներ,որտեղ և քննարկում ենք նորանորպայքարի ձևեր: Օրինակ` մի քանի օր առաջ մենք բարձրացրեցինք ազգային երաժշտության մուղամից տարբերելու հարցը: Անդրադարցել ենք նաև գենդերային խտրականությանը, քանզի մենք Աղբյուր Սերոբի կողքին ունեցել ենք ոչ պակաս մարտիկ Սոսեին,այսօր ունենք հրաշալի օրինակ Նազիկ Ավդալյանին: Հարցին անդրադարձել ենք ,քանի որ, ըստ մեզ, քյարթուիզմի գլխավոր կետերից է հենց այդ խտրականությունը:Եղել է պետական շինությունների,արձանների,հուշակոթողների պահպանմանը վերաբերվող քննարկում:Էջում միշտ տարբեր թեմաներ են քննարկվում,հիմա թվարկելը ուղակի անհնար է:
Անի Սմբատյան. Բավականին մեծ բանակ է Ձեզ միացել, արդյոք կարողանո՞ւմ եք ղեկավարել:
Անտիքյարթ ֆեյսբուքյան էջ. Երբ էջը նոր էր բացվել ` 2 հոգի էինք և հսկելը շատ հեշտ էր :Հետո մեզ համար էլ շատ աննկատ անդամների թիվը հասավ 6000-ի: Այդ ժամանակ ադմինական խորհուրդ ստեղծվեց, որն էլ այսօր ջանում է խմբի գործունեությունը բարոյական և օրինական սահմանների մեջ պահել:
Անի Սմբատյան. Ինչո՞ւ չեք գրում հայատառ, և եթե չեմ սխալվում , նոր եք սկսել մարդկանց դեմքերը փակել: Եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք գտնում այս նկարները:
Անտիքյարթ ֆեյսբուքյան էջ. Ինչ վերաբերվում է հայերեն գրելուն,կարող եմ նշել, որ մենք գրում ենք, թե’ հայերեն,թե’ ռուսերեն, թե’ թրանսլիթով,թե’ անգլերեն: Շատերը հայատառ չեն կարողանում բջջային հեռախոսներում տեսնել և գրել: Էջը հայ լեզուն համացանց ներմուծելու խնդիրը չի վերցրել իր ուսերին,մեր նպատակը լրիվ այլ է ! Նկարներ գտնելը դժվար չէ: Ցավոք նրանք ծփում են ամենուրեք`բոլոր սոցկայքերում: Օրինակ` ցավոք կարողեմ նշել,որ FBում էլ արդեն քիչ չեն…. Հերիք է սոցկայքի որոնման բաժնում գրեք «ԽՈՒԺԱՆԻԿ», «ԼԱՎ ՏՂԱ», «ՃԻՇՏ ՏՂԱ», «ԼԿՏԻ», «ՍԻՄՊՈ ՏՂԱ » ու ահա և քո դիմաց բացվում է հայ «ճիշտ» երիտասարդի արժեքների պատկերը… Երբվանից լկտին կամ խուժանը դարձան հայ տղամարդու պատկերը:
Անի Սմբատյան. Սա քյաթուների դեմ պայքարելու էջ է, իսկ արդյոք չեք վիրավորում նրանց իրավունքները:
Անտիքյարթ ֆեյսբուքյան էջ. Երևույթի քննադատությունը երբեք չի եղել իրավունքների խախտում,եթե այն արված է կիրթ ու դիպուկ: Մենք ամեն օր ակտիվիստներին հիշեցնում ենք,որ էջի խնդիրը բնավ անձին վիրավորելը չէ,ծիծաղը ու զվարճանքը չէ: Էջի նպատակը լուրջ է և ուղղված` գլոբալ մի խնդրի դեմ`քյարթուիզմի դեմ : Դա արատավոր և կործանող երևույթ է, իսկ ամեն վատ երևույթ ոչ միայն պետք է ,այլ պարտավոր է քննադատվելու:
Այսպես հայ քյարթուները և նրանց դեմ պայքարողները հավաքվել են ֆեյսբուքում ու ճակատամարտ են վարում: Ո՞վ կհաղթի. ցույց կտա ժամանակը: Սակայն քյարթուների դեմ պայքարին օրեցօր միանում են շատերը: