
Հեռուստատեսությունն իրականում ծառայություններ մատուցելու ոլորտ է (թող ներեն իրավաբանները, եթե ինչ-որ բան սխալ ասեցի): Այս առումով ամեն բան գնում է պարզեցման և նույնիսկ պարզունակացման ճանապարհով: Այսօր ՅուԹուբում տեսանյութ տեղադրելու համար մեծ խելք պետք չէ, ու ոչ էլ բարձր որակավորում է պետք: Թվանիշայնացման պրոցեսն անշուշտ բերելու է դժվար լուծելի հոգսեր, բայց իրականում թվայնացումը հենց այդ հոգսերից ազատելու համար է: Այսօր Հայաստանում 2-3 հոգի են տեղյակ, թե մեզ ինչ է սպասում (սպառնո±ւմ) այդ ասպարեզում` 2012 թվականից հետո: Ես ինձ քաջատեղյակ չեմ համարում: Սակայն կարծում եմ, որ որակը կայուն անկումի միտումներ ունի: Թեև, փակագծերը մինչև վերջ բացելու փոխարեն, ասեմ, որ իրականում ոչ թե որակն է ընկնում, այլ որակի մասին մեր պատկերացումներն են փոխվում (կամ գուցե ադապտացվում): Դրսում 21-րդ դարն է, իսկ մենք դեռևս կախված ենք ալիքի Ծրագրերի տնօրենի որոշումներից: Նա այսինչ ֆիլմը կամ հաղորդումը դրել է այսինչ ժամին, ու մենք էլ մեր օրը պլանավորում ենք ըստ այդմ: Ինտերնետում սկզբունքորեն հակադիր լուծում է. դու կարող ես համացանցում դիտել ամեն ինչ` երբ ցանկանաս, կամ երբ քեզ հարմար կլինի: Կարծում եմ, որ ապագայի հեռուստատեսությունը պետք է որևէ կերպ գտնի հակաքայլը, կամ պետք է կիրառի նույն տեխնոլոգիկ լուծումը` ինտերնետի մրցակցությանը դիմակայելու համար: Եթե, իհարկե, հեռուստատեսությունն ուզում է մնալ ինքնուրույն խաղացող, և ոչ թե ինտերնետի կցորդ: Ենթադրում եմ, որ հեռուստատեսության վրա առայսօր այնքան գումար է դրված ամբողջ աշխարհում, որ դժվար թե միջազգային այս խոշորագույն բիզնեսը հեշտորեն զիջի դիրքերը և հրաժարվի առաջիկա հարյուրամյակում էլ մեծ շահույթներ ստանալու շանսերից: Մյուս կողմից` հեռուստաընկերությունները, որքան էլ ազատ ու անկախ, այդուամենայնիվ ավելի վերահսկելի են պետությունների ու հասարակությունների համար, քան լիակատար անվերահսկելի ու անկանխատեսելի ինտերնետը: Այնպես որ` հեռուստացույցը դեռ երկար կմնա մեր, ամերիկացիների ու հարավկորեացիների տներում: Հեռուստատեսային տեղեկատվությունն այսօր էլ արդեն ձգտում է կիրառել ինտերնետային տեղեկատվության մեթոդներն ու տեխնոլոգիաները: Որովհետև նորարարության այլ տարբերակ դեռ չի գտնում: Բայց հեղափոխական քայլ անելու համար ամենակարևորը ոչ թե նովացիոն լուծումներն են, այլ ինովացիոն համակարգերը: Մերօրյա հեռուստատեսությունը (խոսքս աշխարհի մասին է) ԻՆՈՎԱՑԻՈՆ սիստեմների կարիք ունի:
|