Վաղորդյան այս անմեղ ժամին, երբ առավոտն անփութորեն թոթափում է իր ուսերից գիշերվա մեղսավոր խաբկանքը, իսկ սկսվող օրը դեռ չի հասցրել թաթախվել մեղքի իր հերթական օրաբաժնի մեջ, ակամա փորձում եմ ուրվագծել օրվա անելիքս: Դեռ չգիտեմ, թե այսօրվա իմ օրաբաժնում կյանքն էլ ինչ հոգեպահուստ անակնկալներ ունի ինձ համար թաքցրած, բայց որ նա այդ հարցում շատ "հնարամիտ" է` կասկածից վեր է:
Չէ որ հենց այդ "հնարամտության" արդյունքում էր, որ պատանեկան վարդագույն երազանքներիս օրինաչափ շարունակությունը դարձավ … սևը … Բայց … որքան էլ այսօր սևը վտարած լինի ներկապնակիս վարդագույնը, միևնույն է, ես այդ սևը պահելու եմ ներսում` միայն ու միայն ինձ համար, իսկ աշխարհին էլի ներկայանալու եմ վառվռուն գույներով` ի հեճուկս այդ նույն աշխարհի… Եվ հենց այդ "հրաշք խաբկանքի" կատարողական վարպետությունն է, որ օգնում է ինձ հավատալ ամեն մի նոր սկսվող օրվա հրաշքին, և ով գիտե, գուցե մի օր սևը մեկընդմիշտ հիասթափվի իմ աներես լավատեսությունից ու լքի հոգիս … Բարի լույս…

Նայում եմ պատուհանիդ, լույսը չի վառվում, երևի տանը չես, դժվար այս ժամին քնած լինես: Հայացքս պատուհանիցդ սահում է երկնի աստղերին… Ի~նչ շատ են… հետաքրքիր է, եթե սկսեմ հաշվել, մինչև վերադառնալդ քանիսին կլինեմ հասած … Յոթանասունմեկ, յոթանասուներկու, վա~յ, յոթանասուներեքերորդ աստղը հանկարծ տեղից պոկվեց ու սկսեց ցած ընկնել … Երազանք պահեմ՞ … Ասում են` երբ աստղ ընկնելիս երազանք ես պահում, այն իրականանում է… Լույսդ վառվեց… Գիշերվա ժամը երեքն է … Բարի գիշեր …
Մաղթենք մեր սիրելիներին Բարին միայն .
|