Նա քեզ հրավիրել է առաջին ժամադրության: Վերջապես դուք երկուսով կլինեք: Միգուցե մինչև այժմ շփվում էիք միայն հեռախոսով կամ ինտերնետով, և սա առաջին հնարավորությունն է, երբ չեն լինի անցանկալաի ներկաներ, և դուք կփորձեք հասկանալ միմյանց ճանաչել ավելի մոտիկից… Եթե ամեն ինչ հաջող ընթանա, գեղեցիկ սիրավեպ կսկսվի… Ուրեմն վճռորոշ է ամեն մի պահը, ձեր դիմախաղն ու ամեն մի ժեստը… Գայթակղման արվեստը յուրահատուկ խաղ է, առանց որի կին տղամարդ հարաբերությունները ձանձրալի կլինեին… |
Դեռ հնուց գեղեցկուհիները գործածում էին դիմափոշի ու զանազան բույրեր, ներկում վարսերն ու եղունգները, սեղմիրան էին հագնում և հազար ու մի խորամանկ հնարքներ բանեցնում` ցանկալի տղամարդու սիրտը նվաճելու համար: Իսկ ի՞նչ է ձգում, հմայում ժամանակակից տղամարդուն: Ի՞նչ հնարքներով կինը կարող է արժանանալ նրա ուշադրությանն ու շարունակական դարձնել հանդիպումները…
ՀԱԳՆՎԻ՛Ր Ժողովրդական իմաստությունը` «դիմավորում են հագուստով…», այսօր էլ հնացած չէ: Տղամարդկանց դուր են գալիս կիսաշրջազգեստներով ու շրջազգեստներով կանայք: Հագուստը պետք է ընդգծի կնոջ բարեմասնություններն ու թաքցնի թերությունները, չպետք է «ճչացող» լինի: Ճիշտ չէ հագնվել` մտածելով. «Ինչքան բաց լինի, այնքան` լավ»: Չափազանց բացված թևերն ու ոտքերը հաճախ գռեհիկ կարող են թվալ և կգրավեն տղամարդու ուշադրությունը ամենևին ոչ ցանկալի ուղղությամբ: Մինի կիսաշրջազգեստից շատ ավելի խորհրդավոր կթվա մինչև ծնկները հասնող ճեղքվածքով կիսաշրջազգեստը, որը տղամարդու հիացած հայացքի առջև ի ցույց կդնի ոտքերդ` բարակ զուգագուլպաների մեջ... Ազդեցությունը հատկապես ուժեղ կլինի, եթե գտնվում ես «ոտքը ոտքին» գայթակղիչ դիրքով:
ԲԱՑՎԻ՛Ր Տղամարդկանց մեծամասնության համար սեքսուալ են կանանց մարմնի այն մասերը, որոնք սովորաբար փակ են: Ցույց տուր գեղեցիկ պարանոցիդ երկարությունը` հավաքելով մազերդ: Պարանոցը փակող բլուզի հետ կարելի է հագնել կարճ կիսաշրջազգեստ, իսկ եթե ցանկանում ես բացել ուսերդ, ուրեմն հոգա՛, որ կիսաշրջազգեստը հասնի ծնկներիդ կամ ավելի երկար լինի:
ԲՈՒՐԻ՛Ր Օծանելիքը քո կերպարը կամբողջացնի: Ընտրածդ բուրմունքը պետք է արտաքինիդ ներդաշնակ լինի: Ընտրի՛ր այնպիսի բուրմունք, որն ավելի մոտ է քո կենսակերպին և բնավորությանը: Տարբերակները շատ են, բայց ցանկալի է, որ բուրմունքը լինի թեթև, նուրբ ու ռոմանտիկ:
ԽՈՍԻ՛Ր Գայթակղման հիմքում ինտրիգն է: Ձայնդ, ժեստերդ, պահվածքդ պետք է առեղծվածային դարձնեն քեզ: Կանացի ցածր ձայնը տղամարդուն տրամադրում է շփվելու և խթանում է նրա երևակայությունը: Հիշի՛ր, որ տղամարդիկ ոչ միայն "սիրում եմ աչքերով”, այլ նաև "սիրում են ականջներով”: Հաճելի, նուրբ ձայնով արված հաճոյախոսությունը ևս մեկ քայլ է քո օգտին: Ցանկալի տղամարդուն գայթակղելու համար օգտագործի՛ր "մագնիսացնող հայացքը” սկզբում տղամարդու ուսերի վրայով թեք նայի՛ր անորոշ ուղղությամբ, ապա հայացքդ կանգնեցրու՛ նրա աչքերի վրա: Նայի՛ր արտահայտիչ, բազմանշանակ հայացքով: Սիրախաղի սկզբում կարող ես հոգեբանական մեթոդներ կիրառել` ներդաշնակ շփում ստեղծելու համար: Օրինակ` զրույցի ժամանակ նրանց աննկատ կրկնօրինակի՛ր նրա շարժումներն ու ժեստերը. դա կոչվում է «հայելային արտացոլման» մեթոդ: Տղամարդը քո մեջ կտեսնի ինքն իրեն և ավելի հեշտ կսկսի վստահել քեզ:
ՀՊՎԻ՛Ր Տղամարդիկ սիրում են բարի և ուրախ կանանց: Անկեղծ ժպիտը, ծիծաղն ու կատակները յուրաքանչյուրին կտրամադրեն անկեղծ զրույցի: Չարժե առաջին հանդիպման ժամանակ պատմել սեփական խնդիրների մասին ու բողոքել ճակատագրից. դու տղամարդու համար պետք է լինես տոն ու հանգիստ, այլ ոչ թե գլխացավ: Հիշի՛ր, սեքսուալությունը չի վերաբերում միայն մարմնի մասերին. Այն արտահայտվում է մի շարք մանրուքներով. Ինչպես ես բռնում գինու բաժակը, ինչպես ես ուղղում մազերդ և այլն... Հպվի՛ր նրա ձեռքին նրբորեն, բայց իբր պատահաբար: Այդ ժեստն ասում է, որ դու սպասում ես պատասխան վերաբերմունքի: Անմիջակա՛ն եղիր, բայց ոչ անպարկեշտ: Նկատե՛լ տուր, որ քեզ հաճելի է նրա ընկերակցությունը: Հաճոյախոսություններին պատասխանի՛ր շնորհակալությամբ, բայց առանց ամաչելու. Թող տեսնի, որ գիտես քո արժեքը:
ԻՄԱՑԻ՛Ր ՉԱՓԸ Դիմափոշով «գաջված» դեմքը դեռ ոչ մի տղամարդու չի հիացրել, իսկ բնականին մոտ ստվերաներկը գեղեցիկ է, վառ կարմիր շրթներկն էլ կարելի է փոխարինել մրգային ախորժելի համ ունեցող որևէ փայլով: Մի՛ շփոթվիր գայթակղումը այլասերման հետ, եղի՛ր անբռնազբոս և ուրախ, բայց ոչ կպչուն ու համառ: Եվ, ամենակարևորը, եղի՛ր բնական:
ՈՍԿԵ ԿԱՆՈՆՆԵՐ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
● Չափազանց ուշադիր մի՛ նայիր ու մի՛ զննիր անցորդներին: ● Չի կարելի փողոցում անտեսել ծանոթներին: ● Ժամադրավայրում սպասելիս (եթե ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ես տեղ հասել) չի կարելի ձանձրույթից ուսումնասիրել հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքերը: ● Զրուցելիս հայացքդ մի՛ կենտրոնացրու խոսացողի շուրթերի վրա: ● Նայի՛ր զրուցակցիդ աչքերին, քեզ բնական պահի՛ր:
ԶՐՈՒՑԵԼԻՍ ● Երբեք քո մասին ամեն ինչ մի՛ պատմիր միանգամից: Ավելի շատ նրան լսիր: ● Աշխատիր ցույց տալ, որ հետաքրքրված ես: ● Թող տղամարդը խոսի որքան ուզում է. նրանք սիրում են, երբ իրենց լսում են: ● Ոգևորիր խոսակցիդ, օրինակ` «ինչ հետաքրքիր է» կամ «հաճելի է լսել քեզ» արտահայտություններով: ● Խուսափի՛ր բամբասանքներից : ● Խուսափի՛ր խոսքը "փչացնող” բառերից` "ասենք”, "խոսքի”, "ուրեմն”, "այսինքն”… ● Մի՛ օգտագործիր գռեհիկ արտահայտություններ: ● Մի՛ ընկիր մանկության գիրկը. Այնտեղից վերադառնալը դժվար է: ● Խոսի՛ր դանդաղ և ինքնավստահ: Արագ խոսքը հասկանալը դժվար է: ● Երբեք նրան մի՛քննադատիր ուրիշների ներկայությամբ: ● Խոսելիս մի՛ մոռացիր ժպտալ:
ՔՈ ԺՊԻՏԸ ● Ժպիտը դրական է ազդում զրուցակցի վրա: Բայց ժպիտը լինում է անկեղծ և արհեստական: Մարդիկ տարբերում են արհեստական և ինքնաբուխ ժպիտները: ● Հայելու առաջ առավոտյան հիշիր որևէ հաճելի բան, որպեսզի գեղեցիկ ժպիտը զարդարի դեմքդ: ● Հայելուն չի կարելի մոտենալ առանց ժպիտի: ● Ժպիտը ոչ միայն ծնվում է զգացմունքից, այլև ծնում է զգացմունք: ● Ժպտացող աղջկան միշտ բարյացակամորեն են ընդունում: ● Հիշի՛ր. Տղամարդիկ ատում են մռայլ կանանց: ● Քո ժպիտն անփոխարինելի այցեքարտ է: ● Նվիրած ժպիտից չես աղքատանա: Նվիրի՛ր քո ժպիտը, և դրանից տղամարդն ավելի ուժեղ , հարուստ ու ինքնավստահ կդառնա: ● Ժպիտը հրաշք է, որն ընծայվում է անվճար: ● Ժպիտի մասին հիշողությունը կարող է պահպանվել տարիներով:
ՔՈ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԸ ● Գնահատի՛ր քեզ: Դու և քո կյանքը ամենաթանկն եք այն ամենից, ինչ գոյություն ունի: ● Մի՛ բացիր սիրտդ անծանոթի առջև: ● Մի՛ վատնիր զգացմունքներդ անծանոթի վրա: ● Երբեք խղճահարությունից դրդված մի՛ կապվիր որևէ տղամարդու հետ: ● Երբ տղամարդու հետ ես, մի մոռացիր քո "ես”-ի մասին: ● Ունեցիր արժանապատվության զգացում: ● Մտածիր գլխով, այլ ոչ այն տեղով, որը կիսաշրջազգեստիդ տակ է: ● Ամուր կանգնիր հողի վրա, "վեր-վեր մի՛ թռիր” զգացմունքների առատությունից: ● Մի՛ կորցրու քեզ, մի՛ թուլացրու քեզ, երբ հասկանում ես, որ նա անչափ դուր է գալիս քեզ: ● Ընդառաջ մի՛ գնա ինտիմ թեմաներով խոսակցություններին: Շեղի՛ր թեման: ● Մի առաջնորդվիր "Ինչ լինում է թող լինի միանգամից” սկզբունքով: ● Անտեղի մի՛ արագացրու հարաբերությունների ընթացքը: ● Մի՛ կարծիր, թե կարելի է հեշտությամբ ղեկավարել տղամարդկանց: ● Մի՛ մտածիր, թե տղամարդկանց հետաքրքրում է միայն սեքսը: ● Սովորի՛ր ասել "ոչ” : ● Սեքսից հրաժարվելու համար արդարացումներ պետք չեն: ● Կարողացի՛ր միշտ վերահսկել քեզ: ● Մի՛ բացահայտիր քեզ ամբողջովին: Առեղծվածային եղիր: ● Մի՛ ստեղծիր խնդրահարույց իրավիճակներ: ● Մի՛ պարտադրիր նրան ամուսնանալ քեզ հետ: ● Ընդառաջ մի գնա անորոշությանը: ● Մի՛ կառչիր անցյալից, անվերջ մի՛ «վերցրու դիր» անցյալը: ● Կարողացի՛ր լինել գայթակղիչ, բայց ոչ հասանելի: ● Եղի՛ր բնական, հավատարիմ քո էությանը: ● Աշխատիր միշտ հրաժեշտ տալ այնպես, ինչպես թիթեռնիկն է սավառնելով հեռանում: |